воскресенье, 28 апреля 2013 г.

ԲԼՈԳՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

 Ըստ Բրիտանիկա հանրագիտարանի   “Blog”–ը  (անգերեն web log կամ weblog )  առցանց օրագիր է, որտեղ անհատը, խումբը կամ ընկերությունը ներկայացնում է գործողությունների, մտքերի կամ համոզմունքների  «արձանագրություն»: Բլոգ վարողը կոչվում է բլոգեր, իսկ բլոգային համակարգը` բլոգոլորտ: 




Բլոգ” բառն առաջին անգամ օգտագործել է  Ջորն Բարգերը (Jorn Barger) 1997 թվականին, իսկ ահա 1999 թվականին  մեկ այլ անհատ` Պետեր Մերհոլզը , (Peter Merholz)  իր կայքում Peterme.com սկսեց կիրառել այն:

Այսպես էլ բլոգն ու բլոգերությունը ներխուժեցին 21-րդ դար` փակելով ավանդական օրագրերի էջն ու ապահովեցին օտար ընթերցողիների:

Կախված ստեղծման նպատակից, բլոգերը կարելի է բաժանել մի քանի խմբի`
  •  անձնական(հույզեր, առօրյա, մտքեր, կենսակերպ),  
  • տեղեկատվական,
  •  թեմատիկ, 
  • կորպորատիվ բլոգներ:

Հայկական բլոգոլորտի պատմությունը սկսվում է 2000-ականներից, բայց բլոգինգը լայն ճանաչում է ստացել վերջին 5-6 տարիների ընթացքում:
Մեզ մոտ  իրենց ուրույն տեղն ունեն  «հայկական բլոգինգի հայրերը»: Ահա մի քանիսը`


                    Կարեն Վրթանեսյանի բլոգը 

                  Վահագն Մխոյանի բլոգը 




 Բլոգոսֆերայում իրենց ընթերցողների բանակն ունեն նաև շատ ու շատ բլոգերներ, ինչպիսիք են Արխանգելոն, Անի Մարգարյանը,  Գագո-բեռլինը , Ալքիմիկը, Լոբզիկ Ազիկովը, և այլք:

Այսօր մեզանում  բլոգները ոչնչով չեն զիջում ավանդական լրատվամիջոցներին: Ավելին` բլոգը կարող է  դրանց միասնությունը լինել: Օրինակ` բլոգ, որտեղ և՛ վիդեո կա, և՛ ձայն  (audio), և՛   նկարներ (photo):
Ըստ այդմ բլոգը (իհարկե ոչ բոլորը )դառնում է լրատվության այլընտրանքային աղբյուր: Բլոգում բլոգերը  ինչ-որ նյութ է դնում, քննարկում, վերլուծում, ինչից զուրկ է օրինակ հեռուստատեսությունը:


Դաշտում լրատվություն տվող բլոգերները աշխատում են տալ էքսկլյուզիվ նորություններ, իսկ եթե նույնիսկ այդ ինֆորմացիան ԶԼՄ-ում է արդեն, շատերը ներկայացնում են դրա վերլուծությունը:
Այժմ արդեն կարելի է նկատել մրցակցություն՝ բլոգների և լրատվամիջոցների միջև, քանի որ բլոգներն էլ արդեն պակաս լրատվությամբ չեն զբաղվում, քան ԶԼՄ-ն:

Օրինակ,  2008 թ մարտի 1-ի դեպքերի ժամանակ ինֆորմացիայի հիմնական աղբյուրը բլոգներն էին: Հենց նրանք էլ ինֆորմացիա էին մատակարարում ինչպես տեղի, այնպես էլ դրսի լսարանին:

Լրագրող-բլոգեր Անի Հովհաննիսյանը իր «Բլոգները որպեսքաղաքացիական լրատվամիջոցներ» աշխատությունում նշում է.
 «Օրինակ՝ 2010-ի մարտի 5-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ ԱՄՆ կոնգրեսի՝ Հայոց Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը։ Բացի հեռուստաեթերի ուղիղ հեռարձակումից, նույն րոպեին այս մասին ինֆորմացիա կարելի էր գտնել բլոգներում՝ «7 օր բլոգ», «Սարդ բլոգ», «Դիտորդ բլոգ» եւ այլն։Այդ երեկո, մինչ հեռուստադիտողներն իրենց տանը նստած քննարկում էին ԱՄՆ-ի քայլը, իսկ նրանց ձայնը լսող չկար, բլոգերներն ու նրանց

ընթերցողները (ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից) բուռն քննարկում էին ծավալել ինտերներային դաշտում»:
Ահա,  հենց սա է, որ բլոգին դարձնում է լրատվության  այլընտրանքային աղբյուր:

Բլոգեր Անի Մարգարյանը փորձում է իր ընթերցողին տալ հավաստի ու ստուգված լրատվություն, վերլուծությունն էլ` փաստարկված:   Բայց Անին այս ամենից զատ ունի հատուկ ուղղություն` թուրք-ադրբեջանական հակահայկական քարոզչության դեմ է պայքարում:
Բլոգերը նշում է. «Հիմնականում ընտրում եմ հակահայկական քարոզչական նորությունները, որոնք ընթերցողների առավել մեծ թիվ ունեն, փորձում եմ գտնել նյութի թույլ կողմերը, վերլուծել, մերկացնել ադրբեջանական սուտը, երբեմն նաև՝ ռուսալեզու և անգլալեզու հրապարակումներով: Նպատակներիցս մեկը նաև այն է, որ հայ ընթերցողը չգնա-կարդա այդ լուրը ադրբեջանական տարբերակով ու ակամայից քարոզչության ենթարկվի, այլ կարդա ադրբեջանական նյութերի զտված տարբերակը, որտեղ ակնհայտ ցույց եմ տալիս հակահայկական ուղղվածությունը»:

Անիի բլոգում կգտնես այնպիսի բաներ, որոնք հաստատ տեղ չեն գտնում ոչ մի լրատվամիջոցում: Հենց դրա համար էլ բլոգերն ունի իր հավատարիմ ընթերցողը:



«Երբեմն դնում են նյութեր, որոնք փաստում են ադրբեջանական քարոզչության տապալման մասին, օրինակ՝ Նախիջևանը ռուսական քարտեզներից մեկում Հայաստանի կազմում է պատկերված, կամ ասենք ՝ադրբեջանցիներին թույլ չեն տվել ինչ-որ երկրում հակահայկական ցույց անել կամ հորինված Խոջալուի ցույց անել: Ավելի հաճախ՝ Արցախն ընդգրկվում է միջազգային տուրիստական կազմակերպությունների ցուցակում կամ ցուցահանդեսին մասնակցում է առանձին ստենդով, ադրբեջանցիները փորձում են խոչընդոտել, ու չի ստացվում, ես էլ սիրով տեղեկացնում են հայ լսարանին այդ մասին »-նշում է Անի Մարգարյանը:

Բլոգները որպես լրատվության այլընտրանքային աղբյուր  ևս մի կարևոր  առավելություն ունեն` ոճն ազատ է, կարող ես խոսքդ տեղ հասցնել այնպես ինչպես ուզում ես:
«Քանի որ բլոգային ֆորմատ է, տեքստում օգտագործում եմ սմայլիկներ՝ ասածս ավելի կենդանի փոխանցելու նպատակով, բայց ինձ համար սկզբունքային է ճիշտ ուղղագրությունը, գեղեցիկ հայերենն ու ճիշտ կետադրությունը: Բլոգը բնավ չի նշանակում անհաջող հայերենով տեքստեր, չէ՞ որ մարդիկ կան, որ օրինակ են վերցնում, պետք է լավ օրինակ ծառայել  J» ,- Անի Մարգարյան: