суббота, 27 июля 2013 г.

Մոռացեք, որ մեր հողը մեզնից բացի ինչ-որ մեկը լավ կպահի... այց մարտական դիրքեր

Մի քանի օր առաջ  այցելեցինք ՊԲ հարավ-արևելյան զորամասերից մեկն ու մարտական դիրքեր: Հիշում եմ,  երբ առաջին անգամ դիրքեր պիտի բարձրանայի,  հուզվում է, երևի ավելի ճիշտ բառով բնութագրեմ` վախենում էի…հետո անցավ, երբ սահմանին կանգնած մեր տղաներին տեսա, նույնիսկ ամաչեցի իմ վախի  համար:



Այս անգամ վախի մասին խոսք անգամ չկար: Զորամասում զինվորների հետ խոսեցի,  տիրող տրամադրությունը լավ էր: Մեր այցից  մի օր առաջ նորակոչիկների երդման  արարողությունն էր եղել: Արդեն  իսկական զինվոր էին J

Չեք պատկերացնի, այն տղաների ուրախությունն ու աչքերի փայլը, երբ սկսում ես բոլորից հարցնել, թե ինչպես են, ինչպես է անցնում ծառայությունը, ում են կարոտում… ու այդ ժամանակ ամեն մեկի  սիրտը ավելի արագ է բաբախում, դեմքին լայն ժպիտ է հայտնվում:  Հետո հարցնում եմ, իսկ ծառայությունից գոհ եք, պատասխանում են, որ դա էլ է կյանքում պետք, որ յուրաքանչյուր հայ  տղա  իր պարտքը պետք է  կատարի:  Ու եթե ժամանակ է լինում տղաները սկսում են նշել, թե իրենցից ով ինչ պատրաստությունից է լավ: Մեկը շարային է լավ քայլում, մյուսը կրակայինից է բարձր ստանում, բայց ամենակարևորը նրանք հայրենիք են պաշտպանում:



Այս բառերի իմաստը հասկանում ու զգում ես իրենց կողքին,  նրանց մեջ գտնվելով, աչքերին նայելով: Նկատել եմ, որ դիրքեր գնացող ու զորամասում ծառայող զինվորները տարբերվում են:  Կարծես ավելի հասուն են, զգուշավոր: Դիրքերում զինվորներին հարցրի, թե որտեղ է ավելի հեշտ ծառայել զորամասում, թե հենց այդտեղ, պատասխանեցին.

«Զորամասում ծանրաբեռնվածությունը շատ է, շատ ենք հոգնում, իսկ դիրքերում, չնայած էլ ավելի մեծ է պատասխանատվությանը, հաճույքով ենք ծառայում: Երբ տուն գնանք, հպարտությամբ կասենք, որ դիրքերում ենք ծառայել: 2 տարի խաղաղություն ենք պահպանել»:

Դիրքերից մեկում զինվորները շուն ու աղավնի են պահում: Հարցրի, թե ինչու, տղաները ասացին. 

«Շունը հավատարմություն է, որ հանկարծ մի բան լինի, կհաչի: Հասկացող շներ են: Իսկ աղավնին խաղաղություն է»:Ու այդ պահին բաց թողեցին վանդակում պահվող աղավնիներին:

 Հայ-ադրբեջանական սահմանին օդում ճախրեցին զույգ աղավնիներ: Դրանք հայկական հողը հսկող տղաների պահած ու փայփայած խաղաղության աղավնիներն էին:
Հուզված էի, մի քանի մետրի վրա թշնամին էր, որ ամեն պահի կարող է խաթարել այդ խաղաղությունը, բայց միևնույն ժամանակ վստահ` պատասխան հարվածը իրեն երկար չի սպասեցնի: Հավատարմությունը առաջին հերթին հայրենիքն է:  
Դիրքերից հակառակորդի դիրք 100 մետր էր, անզեն աչքով էլ երևում էին ավազով լցված պարկերն ու  իրենք…  եթե մի փոքր խորանայինք դեպի առաջ հեռավորությունը կրճատվում էր` հասնելով 70 մետրի: Հարցրի` արդյոք թույլատրելի է առաջ գնալ մյուս դիտանցք, ու մինչ սպան կպատասխաներ, զինվորներից մեկն ասաց` կվախենաք..  ինձ ուղեկցող սպան հարցրեց`
-Վախենո՞ւմ ես:
-Ոչ:  (ժպտացի):
-Դե, ուրեմն սա էլ արի տես: 
Անգնահատելի է յուրաքանչյուր զինվորի  դիրքերում կանգնած 1 րոպեն:  Հրամանատարը հարցրեց. «Հիմա հանգիստ կքնես չէ՞, տեսա՞ր  ինչպես ենք պահում»:

Դիրքերից վերադառնալիս աչքերիս առաջ հակառակորդի դիրքերն էին, շունը, աղավնիները, մեր զինվորների հանգիստ ու գիտակից դեմքերը:
Ու մոռացեք, որ մեր հողը մեզնից բացի ինչ-որ մեկը լավ կպահի ու մեզ խաղաղ քնով կապահովի: Ոնցոր Արցախում են ասում «էտե պյան իլիլ չի» …