пятница, 27 декабря 2013 г.

Վաղը դիրքեր ենք բարձրանում` խաղաղություն նվիրելու....

Մեր կյանքը երկու մասի է բաժանված` դիրքեր ու զորամաս: Բայց արդեն սովորել եմ: Կմտածես` դե կես կյանք ենք էլի ապրում, բայց չէ, նայած, թե ոնց կնայես: 

Ամիսներ առաջ  ինձ ծանոթացրին մի սպայի հետ` ավագ լեյտենանտ, ով մարտական հերթապահություն է իրականացնում ամեն 14 օրը մեկ:  Մարտական հերթապահություն` Հայաստանի ամենաանհանգիստ հատվածում` Տավուշի մարզի դիրքերում:
Զարմանալի հանգիստ երիտասարդ, զարմանալի համեստություն… մեկ-մեկ մտածում էի` չէ, հաստատ զինվորական չի J
Զրույցներից մեկի ժամանակ ուզում էի ինչ-որ ոգևորիչ բան ասել ու նոր անջատել հեռախոսը: 
Ասացի.
Գիտեք, Դուք  ամեն օր շատ մեծ նվեր եք անում ինձ ու ինձ նման հազարավոր մարդկանց:
Ի՞նչ նվեր:
Դուք ամեն օր ինձ ու ինձ նման հազարավոր մարդկանց աշխարհում ամենաթանկ բանն եք նվիրում` խաղաղություն: Խաղաղ գիշեր ու նույնքան խաղաղ լուսաբաց:
 Չէր սպասում նման բանի: Ժպտաց, զգացի հեռախոսով: (հեղ.)
Երբեք չեմ պատկերացրել, որ ծառայելով ինչ-որ բան եմ նվիրում: Պարտավորեցրիր: Ես ամենաթանկ նվերն եմ նվիրում (Բարձրաձայն կրկնեց ու ծիծաղեց):
 Լավ բարի գիշեր, վաղն առավոտյան դիրքեր ենք բարձրանում` խաղաղություն նվիրելու: Հանգիստ եղիր, ու մի վայրկայն անգամ չմտածես, ընտիր տղերք ունեմ:
Զգույշ եղեք, խաղաղ  ու անփորձանք ծառայություն….
—Չանհանգստանաս, Հասմիկ ջան…..


Ու ամեն 14 օրը մեկ իմ ծանոթ ու բոլոր անծանոթ սպաները մեր զինվորների հետ մեզ ապրելու, սիրելու, լինելու հնարավորություն են տալիս…

Բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին կանգնած են մութ ու ցուրտ դիրքում, զգոնություն ու աչալրջություն …ձեզ սպասող կա… ձեր նվերին մանկական հավատով սպասող կա J

Հ. Գ Այս սպայի հետ խոսել եմ վաղուց, ուղղակի այս պահին զգացի, որ ուզում եմ հրապարակել մեր զրույցից մի հատված :)

Նկարները` www.razm.info-ի: