понедельник, 28 апреля 2014 г.

Արցախը տուրիստի նման չեն սիրում

Արցախում էի… մի տեսակ Արցախի մասին գրելիս բառերս չեն հերիքում. դժվար է Արցախում չեղած մարդուն, առավել ևս հային, բացատրել, թե ինչ հոտ ունի Արցախի օդը: 

Արցախի լեռները մշուշում

Այնտեղ հոտ ու յուրահատուկ ձայնն ունի նույնիսկ Թարթառ գետը, որ անծայրածիր ճանապարհի իսկական ընկեր է: Ասֆալտի վրայով ծանրորեն գալարվող ավտոբուսի պատուհանից երկար ժամերով հետևում եմ Թարթառին` մեկ լայնանում է, մեկ` քսմսվում իր ափերին համառորեն կառչած ծառերին, մեկ էլ`անհետանում է ծառերի հետևում` հիշեցնելով միայն ձայնի մասին:

Արցախի ձիերը. հետևում Թարթառ գետն է

Գիտեք` ինչու է դժվար բացատրել, որովհետև Արցախի մասին խոսող մարդկանց մեծ մասը Բերձորով (Լաչին) չի անցել, հայացքը հսկա լեռների ծայրերին հասնելու համար այդքան վեր չի բարձրացրել, Վարդենիսից Քարվաճառ հասնելու համար նոր կառուցվող ճանապարհի գույներն ու քարերը չի տեսել, այդ ճանապարհը հարթեցնող տղամարդկանց արևահարված դեմքն ու քունքերից ծոցը լցվող քրտինքը չի տեսել:
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը
Բայց Արցախի սիրունությունը մի կողմ դնենք, Արցախի նշանակության մասին խոսում ենք իմանալով ու չիմանալով: Միգուցե ինքս էլ լավ չեմ գիտակցում ու չեմ գիտակցի, քանի դեռ առավոտյան գոլորշացող ցողի հետ քթիս չի հասնի այդ հողում ննջող հազարավոր հայորդիների թափած արյան հոտը, չեմ հասկանա, քանի դեռ Ակնայի (Աղդամ) կողքով հարյուր անգամ չեմ գնացել սահմանը երիզող Թալիշ կամ Մատաղիս: 

Ակնա (Աղդամ)
Ակնայի կողքով անցնելիս դաշտերում արևից ու անձրևից ջանգոտած զրահատեխնիկայի մնացորդներ են, իսկ հեռվում մշուշ է: Վարորդին հարցնում եմ` մշուշից ա՟յն կողմ է Ադրբեջանը: Հա` մշուշից մի քիչ էլ այն կողմ նրանք են ու նրանց դիմաց մենք` մեր տղերքը:



Հասնում ենք սահման` եղբորս մոտ:  Սահման, որ եզրագծվում է բարձր ու ձյունածածկ լեռներով` լանջերին հայկական գյուղեր: Արդեն մթնում է, գյուղերում լույսեր են հայտնվում, իսկ հեռվից զինծառայողների երգն ու քայլերի հզոր ձայնն է գալիս: Լեռներն արձագանքում են, ու ամեն ինչ հերթական օրվա վաստակած խաղաղության մեջ է հայտնվում: Գրկում եմ եղբորս, զինվորական հագուստի ու մեր մանկության հոտն եմ զգում, փակում եմ աչքերս ու երազում` «երանի բոլորին այսպես գրկեն»: 


Վերադարձի ժամանակն է, երկինքն արդեն կիսակապույտ է, ամպերի շերտերն էլ ընդմիջվում էին արևի կարմրած ճառագայթներով, իսկ ճանապարհը ոլորվում ու հա ոլորվում է…
 
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին
Ժամեր անց բարձունքում երևում է Շուշին, հանգիստ բարձրանում է մեքենան, ասես 20 տարի առաջ այդ բարձունքն այդքան հեշտ են ազատագրել: Նշմարվում է Սուրբ Ղազանչեցոցն ու կարծես ասում` Արցախը տուրիստի նման չեն սիրում…