понедельник, 15 сентября 2014 г.

Գտած ու կորցրած Շուշին. ճանապարհորդական նոթեր

Այս ամռան լավագույն պարգևն արցախյան շրջագայություններս էին… բոլոր ճանապարհներն ինձ այս ամառ Արցախ տարան:



Հավաքում եմ ճամպրուկս, հավաքում ինքս ինձ ու ճանապարհը ձգվում է լեռնային հրաշք: Չգիտեմ` ինչու Արցախում ավելի հանգիստ եմ, չտեսնված խաղաղություն կա այնտեղ, երբեմն էլ վախեցնող: Մտածում ես, եթե այդ երկնասլաց լեռների արանքում շշուկից բարձր խոսես, քեզ այնպես կարձագանքեն, որ գետինը կդողա: Բերձորն է, նույն ինքը Լաչինը: Մի միջանցք, որ կարծես թոքերն անջատել էր մյուս օրգաններից, իսկ այժմ այդ նույն միջանցքով թոքեր է մատակարարվում թթվածինը` գոյատևելու, շնչահեղձությունից փրկվելուց հետո առաջացած վերքերը բուժելու համար:



Գլուխս հենել եմ պատուհանին ու նոր տնկված ծառերի շարքում փորձում եմ գտնել իմ տնկած ծառը, իմ ծառն Արցախում` այնտեղ ապրելու, այնտեղ լինելու իրավունքի ծառը… չեմ գտնում, լավ չեմ մտապահել: Ափսոս, իրավունքի ծառը թարմացնել է պետք ևս մեկով:



Հասնում ենք: Երկու ճանապարհ` վերևինը Շուշի է տանում, ներքևինը` Ստեփանակերտ: Ուղղությունը Ստեփանակերտ, Շուշին կսպասի, Շուշին սպասել գիտի:

Հանգիստ է ամեն ինչ: Ստեփանակերտում ամեն ինչ յուրօրինակ է, եթե լարեք հոտառությունը, ապա հաստատ կզգաք` այնտեղից նորի ու հնի խառնուրդի հոտ է գալիս: Հրապարակից ու զբոսայգուց այն կողմ հինն իրեն միանգամից է հիշեցնում… Բայց Ստեփանակերտն ավելի սիրուն ու նոր է Շուշի գնացող ճանապարհից….Սպիտակ ու գիշերային լույսերի մեջ թաղված քաղաքը հրաշք է, հրաշք ոտքերիդ տակ:



Իսկ դեպի վերև Շուշին է բարձրանում: Երբեմնի աշխույժ քաղաքում այժմ աշխույժություն շատ քիչ կնկատես:  Շուշին ապրում է Սուրբ Ղազանչեցոցի զանգերի ու զինծառայողների ձայնով: Այդ երկուսն իրար հետ անպարտելի են դարձնում նրան: Վաստակած հաղթանակից հետո Շուշին դեռ վերականգնում է ուժերը, սպիանում են վերքերը, փորձում է հեռացնել դրոշմը` պատերազմի թողած դրոշմը:



Դեպի եկեղեցի գնացող ճանապարհին կից` ձախ կողմում Վազգեն Սարգսյանն է հանգիստ թիկնած: Լեռներում հարսանիքից հետո հանգստանում է` աչքը պահելով անցնող-դառնողի վրա: «Ղարաբաղն իմ կակաչն է, կարմիր է, բայց սև ունի սրտում»: Սա հասկանում ես հենց Շուշիում:


Շարժվում եմ առաջ աջ ու ձախ նայելով, փոքրիկներն են շատացել… կամ միայն այդ այգում նրանց կտեսնես… ոլորվող ճանապարհով առաջ եմ գնում:









Ես գտել եմ իմ Շուշին, ես գտել եմ իմ ամենամեծ ձեռքբերումը: Խաղաղ եմ: Մթնում է, քաղաքի վրա նստած մռայլությունը հատուկենտ տեղերում առկայծող լույսերն են խախտում… իսկ բլրին դարձյալ հանգիստ է: Ասում են` Շուշիում երեկոները միշտ սառն է լինում….Շուշիում երեկոները ջերմ էին կամ ինձ էր այդպես թվում:



Այստեղ կարող ես փակել աչքերդ ու երազել, քեզ չեն խանգարի, կարող ես լացել, արցունքներիդ համար բարկացող չի լինի: Այսքանով հանդերձ Շուշին իր ներսում պարտվողներին չի սիրում, դու պիտի հաղթես` թեկուզ ինքդ քեզ….


Շուշիում մեզնից յուրաքանչյուրի հոգում ինչ-որ «Շուշի» կա` հավատի  ու հույսի, այնտեղից դուրս այդ հավատն ու հույսը պահելը շատ դժվար է…


Ինձ մոտ չստացվեց, ես այն կորցրի…

Բոլոր նկարներն արվել են Շուշիում