среда, 19 июня 2013 г.

Ամենադժվարը տանելու պահն էր. Զինվորների մայրերը բանակի մասին

«Մենք տանը 7 հոգի ենք, սովորության համաձայն սեղանին 7 ափսե, 7 պատառաքաղ էի դնում: Հետո հուզվում էի` հասկանալով, որ 7-րդը բանակում է: Դժվարը սկիզբն էր»,- պատմում է մանկավարժ, զինվորի մայր Նարինե Վարդանյանը:
Նրա տղան`Արամայիս Սարգսյանը,  ծառայում է Արցախում, կզորացրվի ուղիղ 5 ամսից:  Նարինե Վարդանյանը  նշում է, որ զինվորի մայր լինելը հպարտություն է: «Իհա՛րկե, անհանգստանում եմ, երբ ինչ-որ միջադեպի, դիվերսիոն գործողության կամ զորամասում  վատ լուրի մասին եմ իմանում, չեք պատկերացնի, թե  ինչ եմ զգում»:
Արամայիս Սարգսյան` այժմ սերժանտ ՊԲ-ում


Մոր համար ամենակարևորը այն է, որ տղան ծառայի խաղաղ պայմաններում, չնայած ինչպես Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է հարցազրույցներից մեկում ասել` մեզ համար խաղաղ պայմաններ չկան, մենք դեռ պատերազմում ենք:

Մի քանի օր է, ինչ մեկնարկել է գարնանային զորակոչ-զորացրումը: Այն հետաձգվել էր դպրոցի ավարտական քննությունների պատճառով: Զորակոչի մեկնարկի հետ  ծնողների անհանգստությունը կրկնապատկվում է, բայց ինչպես իրենք են խոստովանում` ցույց չենք տալիս տղաների մոտ:

Մեզ հետ զրույցում բանակում ծառայող զինվորի ու  զորակոչիկի մայր Անահիտ Հովհաննիսյանն ասաց. «Երբ մայր դառնաս, կհասկանաս ու կզգաս ասած ամեն բառի իմաստը: Նորմալ ծնողը ուրիշ ձև է մտածում: Հուզված եմ.. Հիմա միգուցե  քեզ համար, դրանք ուղղակի խոսքեր են, բայց դրանք զինվորի մոր խոսքեր են»:

Վարդանյան եղբայրներ: Աջից` Էդգարը

Տիկին Անահիտը «Մերն է երկրի ապագան» երիտասարդական կազմակերպության համակարգող Էդգար Վարդանյանի մայրն է:  Ընդամենը երկու շաբաթից բանակ է ճանապարհելու իր երկրորդ որդուն`  Էդգարին, առաջինը ծառայում է Զինված ուժերում արդեն մեկ տարի: Ինչպես ինքն է խոստովանում, առաջին տղայի դեպքում է ավելի դժվար եղել, հիմա հանգիստ է որոշակիորեն: Ծանոթ զգացում  է (ժպտում է):

Տղայի ծառայությունից պատմում է. «Հենց լսում էի  դիրքում մի բան է եղել, էնքան էի լաց լինում, ինֆարկտ էի ստանում, թեև մեծ տղաս ավելի հանգիստ է»:  

Այն հարցին, թե ինչ է փոխվել իր տղայի մեջ այս մեկ տարում, տկն Անահիտը մի դեպք հիշեց որդու արձակուրդից. «Տղաս շատ մաքրասեր է, բայց երբեք մեր տանը ինքը իր հագուստը չի լվացել, արձակուրդի ժամանակ եկավ, շորերը լվաց, փռեց: Բանակային կարգուկանոնը պահպանում էր»:
Զրույցի ընթացքում Անահիտ Հովհաննիսյանն ասաց, որ հատուկ նամակ է ուղարկել Պաշտպանության նախարարությանը` երկրորդ որդուն եղբոր մոտ ծառայության տանելու խնդրանքով: 
ՀՀ ԶՈՒ  ԳՇ   կազմազորահավաքային վարչության պետ Գնդապետ  Ա. Մարտիկյանը նրան նամակ է ուղարկել. 
«Թեև զինապարտության մասին ՀՀ օրենքը չի նախատեսում եղբայրենրի համատեղ ծառայություն միևնույն զորամասում, եթե նրանք չեն զորակոչվում միևնույն ժամանակ, այնուամենայնիվ, հաշվի առնելով վկայակոչված փաստերը` Էդգար Վարդանյանի զորակոչման օրը Հանրապետական հավաքակայանում այն կբավարարվի»:
Զինվորը դիրքերում

Մի քանի օր առաջ զորացրված սերժանտ Վազգեն Այվազյանի մայրը` Ալվիդա Շահբազյանը խոստովանում է, որ այդ երկու տարին դժվար է անցել: «Երբ  հիմա եկել է, մտածում եմ` հեշտ է անցել: Բայց երբ հետ ես նայում, հասկանում ես, որ ոչինչ էլ հեշտ չի եղել`ինչերի~ միջով ես անցել: Ամենադժվարը սկիզբն էր, տանելու պահը…(հուզվում է): Հետո հեռախոս կար, խոսում էինք, գնացինք տեսնելու, հանգստացանք»:



 Այսօր   մեր զինվորների մայրերը միայն մի երազանք ունեն. «Պատերազմ չլինի: Ուզում ենք, որ մեր տղաները գիտակցեն, որ մեր բանակը հաղթանակած է, բայց այդ հաղթանակը  հեշտ չի ձեռք բերվել: Ու միշտ հիշեն` իրենց տանը սպասող կա»: 


Ձեզ տանը սպասող կա...անփորձանք ծառայություն, տղաներ: :) 

четверг, 13 июня 2013 г.

Չասե՞ս Արցախը Հայաստան է, ինչ ա թե ադրբեջանցիք իրար կխառնվեն...

Այսօր հարցազրույց էի հրապարակել, որտեղ ապագա զինվորն ասում է, թե կուզենար Արցախում ծառայել:



Տարածվելով-տարածվելով հասավ մեր դիվանագետներից մեկին` բա սա մեր պետական շահերին է հակասում...

Ուզում եմ հիմա ասել, էն որ Արցախը մերն է, դա փաստ է, էն որ Արցախը Հայաստան է դա էլ է փաստ, էն որ էնտեղ ապրող մարդիկ հայեր են, դա էլ փաստից փաստ է...Ի՟նչն է արտառոց, որ հայ երիտասարդը ուզում է ծառայել Արցախում:


Չեմ հասկանում, չհրապարակել նման բան, թե ինչա ադրբեջանը վատանալու է...է թող վատանա...դիվանագիտություն-դիվանագիտություն ենք խաղում..



пятница, 7 июня 2013 г.

Կյանքումս առաջին անգամ սահման էի գնացել…

Թեև քաղաքային մի քանի զորամասում եղել էի, նույնիսկ զինվորական ճաշ էի կերել, բայց երբեք չէի զգացել այն, ինչ զգում են զինվորները ամեն անգամ դիրքերում հայրենիքի սահմանը պահելիս: Միգուցե ես իրականում չեմ էլ զգացել, 10 րոպե  խրամատում` դա դեռ ոչինչ չի նշանակում: 


Տավուշի դիրքերից մեկում



Բայց այն պահը, երբ քեզ ու հակառակորդիդ ընդամենը մի քանի տասնյակ մետր է բաժանում ու անզեն աչքով էլ տեսնում ես նրա դիրքերն ու շարժը, հասկանում ես` ինչ է զինվորական ծառայությունը, ով է Զինվորը…

Երբ խրամատից իջանք, ինձ համար մի բան հստակ էր` այո, մենք հաղթել ենք պատերազմում, մենք ունենք միասնական Հայաստան, բայց այդ հաղթողի պատիվը ամեն օր ու ամեն վայրկյան այս ու նրանց նման հազարավոր տղաներ են պահում: Ու մեր եղելության առաջին գրավականը նրանց ծառայությունն է:



Բացի այդ շրջայց ունեցանք նաև Տավուշի մարզի Նոյեմբերյանի N զորամասում: Գեղեցիկ ու պարտավորեցնող էր: Երբ զինվորները գիտեն, թե ուր են գնացել, երբ պատրաստված ու գրագետ են: Ես իմ աչքերով տեսա:  Բայց կյանքում չեմ մոռանա զինվորական այդ խստության ու կանոնակարգի մեջ այդքան ջերմությունն ու ուշադրությունը, որ զգացինք` զինվորները իրենց խնամած վարդերը մարտական հմտությունների  ցուցադրությունից հետո փնջերով նվիրեցին մեզ.. վարդեր` զինվորներից J





Հ.Գ  Ամեն անգամ աղոթում եմ, որ մեր սահմանները խաղաղ լինեն ու մեր զինվորները անփորձանք  տուն վերադառնան: Այսօր գլուխս հանգիստ բարձին եմ դնելու  ու քնելու, որովհետև համոզված եմ  հայ զինվորը ամուր է պահում մեր սահմանը ու հայ զինվորն էլ կպարտադրի թշնամուն մեր վաստակած խաղաղությունը….

Նկարները` Գևորգ Պետրոսյանի


суббота, 1 июня 2013 г.

Սուրբ էր, է՛, սո՛ւրբ, աստվածային- ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 «Եթե ուրիշների հետևից են խոսում, էլի տանելի է: Բայց այս մարդկանց հիշատակը պղծել ճղճիմ խոսակցություններով չի կարելի: Նրանք երկուսն էլ' թե Լուսինեն, թե Խորենը հասարակ մարդիկ չէին, նրանք սուրբ էին…», -  այսպիսին է Լուսինե Զաքարյանը ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի հիշողություններում: 
Լուսինե Զաքարյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 1-ին Ախալցխայում: Դեռ փոքրուց հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության հանդեպ: Երևան տեղափոխվելուց հետո սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա կրթությունը շարունակել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Լուսինեն ռուսախոս էր, բայց երբ այցելում էր Մայր տաճար, մեծ պատարագի խորհուրդը նրան փոխանցվում էր ամբողջովին«Նա իր առաջին «մկրտությունը» ստացավ Էջմիածնում: Նա պատկերացում էլ չուներ այդ ամենի մասին, բայց շատ էր սիրել երգել «Ավե Մարիա» և այլ երգեր»,- նշել է Խորեն Պալյանը:

Երգչուհին իր ուսումնարանի առաջին ուսուցչին' Հրանտ Գևորգյանին, խնդրել էր. «Մաեստրո, թույլ տվեք երգել Մայր տաճարի երգչախմբում»: Մաեստրոն խնդրանքը բավարարելու համար դիմել էր Վեհափառ Վազգեն Առաջինին, բայց Վեհափառի պատասխանը բացասական էր եղել. «Պրն Գևորգյան, Դուք ինչպե՞ս եք տեսնում, որ երգչախմբի երգչուհին ռուսերեն ակցենտով երգի»:
Հրանտ Գևորգյանը Կոմիտասի «Տեր Ողորմեա»-ի բառերը ռուսերեն տառերով գրեց, որ Լուսինեն կարողանա սովորել: Մայր տաճարում առաջին անգամ Լուսինեի կատարմամբ լսելուց հետո, Վազգեն Առաջինը հարցրել է. «Ո՞վ է»: Պատասխանը ստանալուց հետո պատվիրել է, որ անմիջապես գրանցեն երգչախմբում:
«Սուրբ էր: Այդ սրբությունը ես ընկալում եմ որպես նրա հիմնական գաղտնիքը: Այդպիսի մաքրություն, առավել ևս մեր ժամանակներում»,- պատմում է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը:
Լուսինեն իր ուսուցչի ջանքերով սովորեց հայերեն, գրաբար և դարձավ այն, ինչ դարձավ' անկրկնելի Լուսինե Զաքարյան:

Սփյուռքից Հայաստան եկած Տաթև քահանա Գալուստյանը նրան այսպես է բնութագրել տարիներ առաջ.
«Ես նրան հանդիպած եմ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովանու եկեղեցվո մեջ: Ինչ կրնամ ասել. աստվածուհուն պես աղջիկ մըն էր ինքը, սրբացած, ճիշտ է' երկինքեն չէր իջած, բայց եթե երկրորդ գալուստ մը ըլլար, ոչ մեկը չէր կրնալ ըլլալ այն անձը, այն պարունակը, որ Լուսինեն կրնար ըլլար: Իր ձայնը բարձրացնում է երկինք, ես չեմ հավատար, որ մարդկային մտածելակերպով կրնանք մենք արժևորել զինքը, միայն հոգիի ճամփով կուզենք գնանք, որովհետև ամեն անգամ իր «Տեր ողորմեան» ու «Սուրբ-սուրբը» մեր ներսը փոթորիկ կստեղծեն, ականջներուս մեջ է, տակավին, իր ձայնը Սան Ֆրանցիսկոյի սուրբ Հովանու եկեղեցվո մեջ»:
Լուսինեն շատ ունակ էր, նա շատ արագ ըմբռնեց ամեն բան, և մի գեղեցիկ կիրակնօրյա պատարագի հնչեց «Սուրբ-սուրբը» նրա ձայնով, բոլորը՝ ե՛ւ կաթողիկոսը, ե՛ւ պատարագիչները թեքվեցին և նայեցին' ով է այդ հրաշքը:



«Երբ Լուսինեն երգում է «Սուրբ-սուրբ», ամբողջ հրեշտակները բազմությամբ իջնում են Մայր Աթոռ ու փառաբանում Աստծուն՝ իր այդ երգեցողության և նրան ի վերուստ տրված շնորհի համար»,- ասել է Կաթողիկոս Վազգեն Առաջինը:

"Սուրբ-սուրբը" Լուսինե Զաքարյանի կատարմամբ

1960-ական թվականների կեսերին նա գտավ-հայտնագործեց իր ներքին էությանը պակասող կեսը' անգերազանցելի գիտակին' Խորեն Պալյանին: Խորենը կուսակրոն վարդապետ էր, բայց դա նրանց չխանգարեց: Նա փախցրեց Լուսինեին' իր միակ սիրուն: «Հերթական շրջագայությունների ժամանակ Խորեն Պալյանը պատմեց իր և Լուսինեի սիրո պատմությունը. փախել էին Եղեգնաձորի գյուղեր, դրա մասին իմացել էր Վազգեն Առաջինը, բարկացել ու կարգալույծ արել»,- պատմում է Խորեն Պալյանի երգչախմբի սան Թամարա Սահակյանը:




Դրանից հետո անցավ որոշ ժամանակ: Վեհափառի զայրույթը փոքր-ինչ անցավ: Ու նրանք երկուսն էլ իրենց ազգանվեր գործը շարունակեցին: Լուսինեի եզակիությունը նրա պատմական դերի մեջ էր: Նա եղավ հայ երգի վերածնության առաքյալ: Առաքյալներին վիճակված է դժվար ճանապարհ, բայց նաև անմահություն:
Լուսինեն կարողացավ անել այն, ինչ երկար տարիներ թվում էր անհնար, մանավանդ խորհրդային իշխանության պայմաններում: Իշխում էր հավատուրացությունը, աթեիզմը: Այդ պայմաններում Լուսինեն կարողացավ եկեղեցու ներսում հնչող մեր ազգային երաժշտությունը հանել եկեղեցուց' դարձնելով հրապարակային:
Ժամանակը եկավ նրան օժանդակելու. զարթոնքի տարիներ էին: Այդ տարիներին տասնամյակներ թաքնված հոգևոր երգը լիարժեք դրսեւորվելու իրավունք նվաճեց: Դրա վառ ապացույցը Լուսինե Զաքարյանն էր, իր արվեստը: «Մենք, որ նրա ժամանակակիցներն էին, զգացինք, թե ինչպես է տարիների ընթացքում Լուսինեն հենց ինքը ազդում  ժամանակի վրա, թանձրացնում նրա գույները, ազգային գույները և օր օրի դառնում ավելի մատչելի, ժողովրդին հասու»,- գրել է Սիլվա Կապուտիկյանը:

Ժողովուրդը մեր հոգևոր երաժշտությունը, մեր միջնադարյան տաղերը ընդունեց գարնանային թարմ ու կենարար օդի պես:
Համալսարանի հսկա դահլիճը փոքրանում, չնչին բան էր դառնում, երբ այնտեղ երգում էին Խորեն Պալյանն ու Լուսինե Զաքարյանը: Նույնիսկ կանգնելու տեղ ու անկյուն չկար: Խորենը Լուսինեին սիրում էր որպես կնոջ, որպես երեխայի և երկրպագում էր որպես աստվածային մեծության. հիշում են ընկերները:

«Մի օր կանչում է Ֆիլհարմոնիայի ղեկավարությունը երգչախմբի բոլոր անդամներին և հայտարարում, որ հրաման կա կենտրոնական կոմիտեից, որ ովքեր երգում են Մայր տաճարում, պիտի թողնեն այնտեղ երգելը կամ կզրկվեն Ֆիլհարմոնիայում երգելու հնարավորությունից: Միայն Լուսինեն էր, որ չհամաձայնեց դրան: Այդ մասին իմանալով՝ Վեհափառը շատ էր հուզվել: Եվ իսկապես աղջիկը շարունակեց երգել»,- պահպանվել է Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի հիշողություններում:

Անզուգական երգչուհի՝ հոգևորի փայլուն զգացողությամբ, ով գերել ու «գրավել» է ոչ միայն հայ, այլ նաև այլազգի ունկնդրի սիրտն ու փառքով ներկայացրել Կոմիտաս, հայ ժողովրդական երգերը, տաղերը և շարականները:
«Հռոմի Պապը բացառության կարգով Լուսինեին արտոնեց երգել Փարիզի Աստվածամոր տաճարում: Միայն այդ փաստը հերիք էր, որ նա համարվեր համաշխարհային, տիեզերական մեծություն»,- գրումէբանաստեղծԼևոնՄիրիջանյանը:
Շնորհիվ իր հզոր ձայնի, Լուսինեի ձայնագրությունները մտել են համաշխարհային հավաքածուների մեջ, այդ թվում նաև՝ «Ավե Մարիա» ալբոմում:

"Ավե Մարիա" Լուսինե Զաքարյանի կատարմամբ


Առնո Բաբաջանյանը շատ էր սիրում Լուսինեին, հատուկ նրա համար գրել էր «Վոկալիզը»: «Երկու օր էր, ինչ Հայաստանում էր, եկավ մեր տուն, դրեց նոտաները, նվագեց, Լուսինեն ասաց' երգեմ: Առնոն' բա կարո՞ղ ես: Դե Առնոն էլ հո նվագել չունե՜ր. նա էլ դաշնամուրի աստվածն էր: Վերջացնելուց հետո ապշել էի, առանց բառերի՝ «ա»-երով շա~տ լավ էր»,- հիշում է Խորեն Պալյանը: 
«Համերգներից առաջ, ցերեկը երբ զանգում էի, ուժ չուներ խոսելու: Հարցնում էի՝ ո՞նց ես երգելու, պատասխանում էր' Աստված ինձ կօգնի: Կուլիսներում եթե աթոռ չլիներ, կընկներ: Բայց դուրս գալով բեմ' այլևս այն Լուսինեն չէր»,- պատմում է նրանց ընկերներից Նինա Հարությունյանը:


Նրա համար երգը կյանք էր: Եթե Կանտը ասում էր. «Ես մտածում եմ, գոյություն ունեմ», ապա Լուսինեն կարող էր ասել. «Ես երգում եմ, ես գոյություն ունեմ»:
«Երբ երգում վերջացնում էր, աղաչական հայացքով նայում էր մեզ, կարծես ասում էր' մի հատ էլ երգե՞մ»,- գրել է Սիլվա Կապուտիկյանը:
«Մենք աշակերտներով մի անգամ գնացինք Լուսինեին հիվանդանոցում տեսնելու, անընդհատ հիվանդ էր, շատ վատ էր, բայց երբ կապույտ շորերը հագնում էր, զարդերը դնում էր ու բեմ բարձրանում, մոռանում էր բոլոր ցավերը: Եվ երգում էր անվերջ: Լուսինեն չէր ուզում հանգստանալ. երբ մի օր ես նրան հարցրի, թե չի հոգնում երգելուց, մանավանդ, որ հիվանդ է, նա ասաց. «Ես վախենում եմ համերգի ավարտից, որովհետև երբ ավարտվում է, ես հիվանդանում եմ»: Նա ճնշում ուներ, շաքարն էր բարձր: Ես չեմ տեսել նաև այնպիսի մեծարում ու նվիրում, որ ուներ Խորենը Լուսինեի նկատմամբ: Նրա համերգներին Խորենը նստում էր ամենավերջին նստարանին՝ աչքերը փակած, վերացած...» ,- պատմում է ընտանիքի ընկերներից Նազենի Գրիգորյանը:

ԵՊՀ Արևելագիտության դեկան Գուրգեն Մելիքյանը հիշում է. «Երբ հիվանդանոցում էր, գնացի այցելության: Արդեն շատ վատ էր: Դա մեր վերջին հանդիպումն էր, ես գնում էի Ղարաբաղ պատերազմի, այլևս կենդանի չտեսա...»:

Լուսինեն մահացավ 55 տարեկան հասակում՝ 1992 թվականի դեկտեմբերի 30-ին: Նրա հիշատակին Վազգեն Առաջինը ասել էր. «Լուսինեն մեզ հետ չէ հիմա...Բայց նրա ձայնը մենք կլսենք երկնքից, այնտեղ' երկնքում, նոր հրեշտակ է հայտնվել»:
Լուսինե Զաքարյանի մահից հետո Խորեն Պալյանը կարծես որբացել էր, նա նույնիսկ ենթադրում էր, որ նորից վարդապետությանը կվերադառնա, բայց հետո գիտակցեց, որ մեծ պարտք ունի կատարելու, որ պետք է շարունակի իր գործը. աշակերտներ դաստիարակի ու պահի Լուսինեի հիշատակը:

Նրանք ժառանգներ չունեցան...
Գուրգեն Մելիքյանը այս ընտանիքի լավագույն բարեկամներից է և նրանց մասին խոսում է խոր ակնածանքով ու կարոտով. «Նրանց կարիքը շատ եմ զգում, շատ եմ կարոտում, նույնիսկ այն, որ երկար կարող էինք նստել Խորենենց տանը և զրուցել»:



Պարոն Մելիքյանը, սրբելով աչքերը, հիշում էր միասին անցկացրած գեղեցիկ ու հիշարժան օրերի մասինՉնայած իմ ֆինանսական վիճակը լավ չէր, բայց քառասունից ավել երեխայի կնքահայր եմ եղել: Խորենն ու Լուսինեն գալիս էին, կնքում էինք նեղ շրջապատում, իսկ հետո Լուսինեն ինձ հարցնում էր. «Գուրգեն ջան, մի հատ երգե՞մ…»: Սուրբ էր, է՛, սո՛ւրբ, աստվածային»:
Լուսինե Զաքարյանը թաղված է Սուրբ Գայանե վանքի բակում, իսկ Խորեն Պալյանի մահից հետո, բազմաթիվ մտավորականների խնդրանքով, Կաթողիկոսը թույլ տվեց  նրա աճյունը եւս ամփոփել Էջմիածնում:


Նյութը պատրաստելիս օգնեցին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվան տեր Վահրամ քահանա Մելիքյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը, Խորեն Պալյանի երգչախմբի սան Թամարա Սահակյանը: