понедельник, 15 сентября 2014 г.

Գտած ու կորցրած Շուշին. ճանապարհորդական նոթեր

Այս ամռան լավագույն պարգևն արցախյան շրջագայություններս էին… բոլոր ճանապարհներն ինձ այս ամառ Արցախ տարան:



Հավաքում եմ ճամպրուկս, հավաքում ինքս ինձ ու ճանապարհը ձգվում է լեռնային հրաշք: Չգիտեմ` ինչու Արցախում ավելի հանգիստ եմ, չտեսնված խաղաղություն կա այնտեղ, երբեմն էլ վախեցնող: Մտածում ես, եթե այդ երկնասլաց լեռների արանքում շշուկից բարձր խոսես, քեզ այնպես կարձագանքեն, որ գետինը կդողա: Բերձորն է, նույն ինքը Լաչինը: Մի միջանցք, որ կարծես թոքերն անջատել էր մյուս օրգաններից, իսկ այժմ այդ նույն միջանցքով թոքեր է մատակարարվում թթվածինը` գոյատևելու, շնչահեղձությունից փրկվելուց հետո առաջացած վերքերը բուժելու համար:



Գլուխս հենել եմ պատուհանին ու նոր տնկված ծառերի շարքում փորձում եմ գտնել իմ տնկած ծառը, իմ ծառն Արցախում` այնտեղ ապրելու, այնտեղ լինելու իրավունքի ծառը… չեմ գտնում, լավ չեմ մտապահել: Ափսոս, իրավունքի ծառը թարմացնել է պետք ևս մեկով:



Հասնում ենք: Երկու ճանապարհ` վերևինը Շուշի է տանում, ներքևինը` Ստեփանակերտ: Ուղղությունը Ստեփանակերտ, Շուշին կսպասի, Շուշին սպասել գիտի:

Հանգիստ է ամեն ինչ: Ստեփանակերտում ամեն ինչ յուրօրինակ է, եթե լարեք հոտառությունը, ապա հաստատ կզգաք` այնտեղից նորի ու հնի խառնուրդի հոտ է գալիս: Հրապարակից ու զբոսայգուց այն կողմ հինն իրեն միանգամից է հիշեցնում… Բայց Ստեփանակերտն ավելի սիրուն ու նոր է Շուշի գնացող ճանապարհից….Սպիտակ ու գիշերային լույսերի մեջ թաղված քաղաքը հրաշք է, հրաշք ոտքերիդ տակ:



Իսկ դեպի վերև Շուշին է բարձրանում: Երբեմնի աշխույժ քաղաքում այժմ աշխույժություն շատ քիչ կնկատես:  Շուշին ապրում է Սուրբ Ղազանչեցոցի զանգերի ու զինծառայողների ձայնով: Այդ երկուսն իրար հետ անպարտելի են դարձնում նրան: Վաստակած հաղթանակից հետո Շուշին դեռ վերականգնում է ուժերը, սպիանում են վերքերը, փորձում է հեռացնել դրոշմը` պատերազմի թողած դրոշմը:



Դեպի եկեղեցի գնացող ճանապարհին կից` ձախ կողմում Վազգեն Սարգսյանն է հանգիստ թիկնած: Լեռներում հարսանիքից հետո հանգստանում է` աչքը պահելով անցնող-դառնողի վրա: «Ղարաբաղն իմ կակաչն է, կարմիր է, բայց սև ունի սրտում»: Սա հասկանում ես հենց Շուշիում:


Շարժվում եմ առաջ աջ ու ձախ նայելով, փոքրիկներն են շատացել… կամ միայն այդ այգում նրանց կտեսնես… ոլորվող ճանապարհով առաջ եմ գնում:









Ես գտել եմ իմ Շուշին, ես գտել եմ իմ ամենամեծ ձեռքբերումը: Խաղաղ եմ: Մթնում է, քաղաքի վրա նստած մռայլությունը հատուկենտ տեղերում առկայծող լույսերն են խախտում… իսկ բլրին դարձյալ հանգիստ է: Ասում են` Շուշիում երեկոները միշտ սառն է լինում….Շուշիում երեկոները ջերմ էին կամ ինձ էր այդպես թվում:



Այստեղ կարող ես փակել աչքերդ ու երազել, քեզ չեն խանգարի, կարող ես լացել, արցունքներիդ համար բարկացող չի լինի: Այսքանով հանդերձ Շուշին իր ներսում պարտվողներին չի սիրում, դու պիտի հաղթես` թեկուզ ինքդ քեզ….


Շուշիում մեզնից յուրաքանչյուրի հոգում ինչ-որ «Շուշի» կա` հավատի  ու հույսի, այնտեղից դուրս այդ հավատն ու հույսը պահելը շատ դժվար է…


Ինձ մոտ չստացվեց, ես այն կորցրի…

Բոլոր նկարներն արվել են Շուշիում 

пятница, 16 мая 2014 г.

Ադրբեջանցի կապիտանի ու հայ մայորի նկարը. 6-ամյա Անդրանիկի նկարի պատմությունը

Այսօր հերթական անգամ գնում եմ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան սաներից մեկի մասին նյութ պատրաստելու համար։  Այստեղ միշտ մեզ գրկաբաց են ընդունում ու սաների հետ էլ շատ ջերմ հարաբերություններ ունենք։
Անդրանիկը նկարելիս

 Մինչև սենյակում նստած սպասում եմ , որ սանը դասից հետո գա հարցազրույցի, մի փոքրիկ տղա դիմացս նստած ինչ-որ բան էր նկարում։ Մարդկային տեսքից ենթադրում եմ, որ զինվորի է ուզում նկարել, փորձում եմ ծանոթանալ։  

Ի՞նչ ես նկարում։
Չի երևում, զինվոր է։
Մտածում եմ, որ հայ զինծառայողի է նկարում, բայց դեռևս համբերում եմ։
Բայց հայ չի։
Իսկ ի՞նչ է։
Ադրբեջանցի է, թուրք եմ նկարել։ Զզվում եմ սրանցից։
Բա ինչո՞ւ ես նկարում։
Հիմա կողքն էլ բան կնկարեմ, կհասկանաս։

Ադրբեջանցի կապիտանը Անդրանիկի պատկերացմամբ

Անհամբեր սպասում եմ, թե ինչ է նկարելու ու այդ պահին արդեն գալիս է հարցազրույցիս հերոսը։ Խոստանում եմ տղային, որ անպայման հետ կգամ ու կլուսանկարեմ իր նկարը։

Հարցազրույցս ավարտում եմ ու գտնում իմ մյուս հերոսին՝ Անդրանիկին։
Անդրանիկը վարժարանի սպաներիս մեկի տղան է։ Արդեն 6 տարեկան է, առաջին դասարանում է սովորում։ Ամենաշատը տանկեր է սիրում։  Ինչպես ինքն է ասում, իր հայրիկի հետ ստվարաթղթից տանկեր է կարողանում պատրաստել։

Հըն, Անդրանիկ, ավարտեցի՞ր նկարդ։
Հա, հեսա ցույց կտամ։
Սա ադրբեջանցին է, ինքը կապիտան է, համ էլ չար է, տես ունքերը ոնց եմ նկարել, իսկ մյուսը հայ է, ինքը կոչումով մայոր է, բարի է ու ձեռքին զենք կա։ Հայն ավելի ուժեղ է։ (ոչ մի բառ չեմ փոխել զրույցից-հեղ)

Հայ մայորը զենքը ձեռքին... Անդրանիկի իրական հերոսը


Ու այդպես որոշում է իր նկարած նկարն ինձ նվիրել։ Մայոր մայրիկի հուշումից հետո մակագրում է, ու հետո խնդրում, ավելի ճիշտ պահանջում, որ մենք էլ իրեն նկարենք։
Խոստացել եմ իրեն մեր նկարած նկարը տանել։

Անդրանիկը ինձ նվիրած նկարով....
Լուսանկարը՝ Սոսե Մուրադյանի

Վերադարձի ճանապարհին այնքա~ն էի ուրախացել... փոքրիկ տղան անգիր գիտեր զինվորական կոչումները,  ինքնուրույն տանկեր էր սարքում, ուղղաթիռներ է սիրում....
Հպարտ էի, որ իր նման երեխայի էի ճանաչում, ով այդքան կապված էր  հայրենիքին ու այդքան իրատեսական է այս տարիքից... իսկ դուք դեռ խոսում եք խաղաղություն-խաղաղություն խաղալու ու բարեկամության մասին։


Այս երեխան ևս մեկ անգամ ապացուցեց, որ եթե «ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի»։ 


Հ.Գ նկարն այժմ իմ աշխատասեղանի դիմաց կախված է... ամենասիրուն ու ամենաիրական նվերն իմ կյանքում :) :) :)  
Հ.Գ.Գ մեր հարցազրույցը կարող եք կարդալ www.razm.info կայքում

понедельник, 28 апреля 2014 г.

Արցախը տուրիստի նման չեն սիրում

Արցախում էի… մի տեսակ Արցախի մասին գրելիս բառերս չեն հերիքում. դժվար է Արցախում չեղած մարդուն, առավել ևս հային, բացատրել, թե ինչ հոտ ունի Արցախի օդը: 

Արցախի լեռները մշուշում

Այնտեղ հոտ ու յուրահատուկ ձայնն ունի նույնիսկ Թարթառ գետը, որ անծայրածիր ճանապարհի իսկական ընկեր է: Ասֆալտի վրայով ծանրորեն գալարվող ավտոբուսի պատուհանից երկար ժամերով հետևում եմ Թարթառին` մեկ լայնանում է, մեկ` քսմսվում իր ափերին համառորեն կառչած ծառերին, մեկ էլ`անհետանում է ծառերի հետևում` հիշեցնելով միայն ձայնի մասին:

Արցախի ձիերը. հետևում Թարթառ գետն է

Գիտեք` ինչու է դժվար բացատրել, որովհետև Արցախի մասին խոսող մարդկանց մեծ մասը Բերձորով (Լաչին) չի անցել, հայացքը հսկա լեռների ծայրերին հասնելու համար այդքան վեր չի բարձրացրել, Վարդենիսից Քարվաճառ հասնելու համար նոր կառուցվող ճանապարհի գույներն ու քարերը չի տեսել, այդ ճանապարհը հարթեցնող տղամարդկանց արևահարված դեմքն ու քունքերից ծոցը լցվող քրտինքը չի տեսել:
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը
Բայց Արցախի սիրունությունը մի կողմ դնենք, Արցախի նշանակության մասին խոսում ենք իմանալով ու չիմանալով: Միգուցե ինքս էլ լավ չեմ գիտակցում ու չեմ գիտակցի, քանի դեռ առավոտյան գոլորշացող ցողի հետ քթիս չի հասնի այդ հողում ննջող հազարավոր հայորդիների թափած արյան հոտը, չեմ հասկանա, քանի դեռ Ակնայի (Աղդամ) կողքով հարյուր անգամ չեմ գնացել սահմանը երիզող Թալիշ կամ Մատաղիս: 

Ակնա (Աղդամ)
Ակնայի կողքով անցնելիս դաշտերում արևից ու անձրևից ջանգոտած զրահատեխնիկայի մնացորդներ են, իսկ հեռվում մշուշ է: Վարորդին հարցնում եմ` մշուշից ա՟յն կողմ է Ադրբեջանը: Հա` մշուշից մի քիչ էլ այն կողմ նրանք են ու նրանց դիմաց մենք` մեր տղերքը:



Հասնում ենք սահման` եղբորս մոտ:  Սահման, որ եզրագծվում է բարձր ու ձյունածածկ լեռներով` լանջերին հայկական գյուղեր: Արդեն մթնում է, գյուղերում լույսեր են հայտնվում, իսկ հեռվից զինծառայողների երգն ու քայլերի հզոր ձայնն է գալիս: Լեռներն արձագանքում են, ու ամեն ինչ հերթական օրվա վաստակած խաղաղության մեջ է հայտնվում: Գրկում եմ եղբորս, զինվորական հագուստի ու մեր մանկության հոտն եմ զգում, փակում եմ աչքերս ու երազում` «երանի բոլորին այսպես գրկեն»: 


Վերադարձի ժամանակն է, երկինքն արդեն կիսակապույտ է, ամպերի շերտերն էլ ընդմիջվում էին արևի կարմրած ճառագայթներով, իսկ ճանապարհը ոլորվում ու հա ոլորվում է…
 
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին
Ժամեր անց բարձունքում երևում է Շուշին, հանգիստ բարձրանում է մեքենան, ասես 20 տարի առաջ այդ բարձունքն այդքան հեշտ են ազատագրել: Նշմարվում է Սուրբ Ղազանչեցոցն ու կարծես ասում` Արցախը տուրիստի նման չեն սիրում…


понедельник, 17 февраля 2014 г.

Թե ինչու Արցախը հետ երբեք չենք տա


Երկու օր առաջ Արցախում էի... գիշերով ճանապարհ ենք գնում,  մի որոշ տարածություն ճանապարհին միայն մենք էինք, երկու զույգ լույսեր բացահայտում էր Արցախի չբացահայտված տեղանքը...

Սահմանապահ լեռներ

Երկար ու էլի երկար ճանապարհ... Հասնում ենք հայ-ադրբեջանական սահմանը պահող Մատաղիս ... հետո արդեն` Թալիշ գյուղեր: Մինչև այդտեղ գալը մեզ ասել էին, թե շատ քիչ մարդ է ապրում, կյանք չկա ու ինչպես միշտ «երկիրը երկիր չի` ԵԵՉ», բայց արի ու տես, լիքը բնակչություն, յուրաքանչյուր ընտանիք ամենապակասը երեք երեխա ունի, սիրուն տներ, երկու հարկանի մանկապարտեզ: Իսկ չի վկայում մեծ մանկապարտեզ ունենալը, որ ուրեմն երեխաներն էլ են շատ :)

Մատաղիսի մանկապարտեզը

Մարզվելու համար :)



Դպրոցը չհասցրի նկարեմ, ավելի ճիշտ ես գիտեի մանկապարտեզի շենքը դպրոցն է :)

Խոսում ես երեխաների հետ, ամեն մեկը մի երազանք ունի: Ջահել, սիրուն մամաներ ու մի տեսակ բարի նախանձով ես նայում... հակառակորդի քթի տակ, արհամարհելով նրանց գոյությունը մենք ապրում ենք, արարում, բազմանում, իսկ հետո խոսում եք ֆինանսական կողմի մասին, որ շատ երեխաներ ունենաք...

Աննան, Սաթենիկը և Ասատուրը.. Արցախի խոխեք :)


 Այ մարդիկ սահման են պահում, այս մարդիկ աշխարհում ամենաշատն են գիտակցում, թե ինչ է խաղաղությունը, թե որն է հրադադարի ռեժիմը... իսկ դուք եկել սոցիալական ցանցերում վստահ գրառումներ եք անում, թե «Արցախը հանձնում են կամ էլ` շատ պետքներս էր էտ «թուրքի հողը»»:

Մատաղիս գյուղի նորակառույցները, շուտով ասֆալտ էլ կանեն




Միգուցե ոմանց համար դա թուրքի հող է, բայց այդ  երբ պատերազմը նորից թափ առավ իրենց սեփական տունն էլ է դառնալու թուրքի հող, որովհետև վախներից իրենց «ռուսաստաններ» են թռչելու:

Արցախը հայկական հող է, Արցախում ծածանվում է Հայաստանի դրոշը, Արցախում մարդիկ խոսում են հայերեն, գրում են հայերեն...ԱՐցախում ձեզ են պահում, ձեզ թիկունք են լինում...
Դեպի Թալիշ

Դեպի Թալիշ գյուղ


Ու ընդամենը մի քանի սար, որ եթե ուզենաս բարձրանալ 15 րոպե հազիվ կտևի ու «այն կողմում» նրանք են... Իսկ մինչև նրանք` բարձրունքում մեր զինծառայողներն են, այն զինծառայողները, որոնց երեխաները գյուղերում հանգիստ «կռիվ-կռիվ» են խաղում կամ էլ թռչուն որսալու ցանցեր են սարքում:

Երեխաները թռչուններ բռնելու ցանց են սարքում





Մարդիկ այնտեղ գրավյալ տարածք չեն օգտագործում, մարդիկ այնտեղ հող տալու, ուրիշ տեղ ապրելու մասին չեն մտածում... Իսկ գիտեք ինչու մենք երբեք ուրիշին չենք տա, որովհետև երբ ինչ-որ մի բան մեկին պիտի տաս, դու դա չես զարգացնում, տներ ու դպրոցներ չես կառուցում:

Թալիշ գյուղում :) 


Սիրում եմ Արցախս, սիրում եմ այնտեղ ապրող հայերին, սիրում եմ նրանց հյուրընկալությունն ու պարզությունը, սիրում եմ, որովհետև մեր հայրենիքը հենց էնտեղից է սկսվում, սահմանապահ ժողովրդից....


Նկարներն առանց հղումի արգելվում է տարածել

пятница, 27 декабря 2013 г.

Վաղը դիրքեր ենք բարձրանում` խաղաղություն նվիրելու....

Մեր կյանքը երկու մասի է բաժանված` դիրքեր ու զորամաս: Բայց արդեն սովորել եմ: Կմտածես` դե կես կյանք ենք էլի ապրում, բայց չէ, նայած, թե ոնց կնայես: 

Ամիսներ առաջ  ինձ ծանոթացրին մի սպայի հետ` ավագ լեյտենանտ, ով մարտական հերթապահություն է իրականացնում ամեն 14 օրը մեկ:  Մարտական հերթապահություն` Հայաստանի ամենաանհանգիստ հատվածում` Տավուշի մարզի դիրքերում:
Զարմանալի հանգիստ երիտասարդ, զարմանալի համեստություն… մեկ-մեկ մտածում էի` չէ, հաստատ զինվորական չի J
Զրույցներից մեկի ժամանակ ուզում էի ինչ-որ ոգևորիչ բան ասել ու նոր անջատել հեռախոսը: 
Ասացի.
Գիտեք, Դուք  ամեն օր շատ մեծ նվեր եք անում ինձ ու ինձ նման հազարավոր մարդկանց:
Ի՞նչ նվեր:
Դուք ամեն օր ինձ ու ինձ նման հազարավոր մարդկանց աշխարհում ամենաթանկ բանն եք նվիրում` խաղաղություն: Խաղաղ գիշեր ու նույնքան խաղաղ լուսաբաց:
 Չէր սպասում նման բանի: Ժպտաց, զգացի հեռախոսով: (հեղ.)
Երբեք չեմ պատկերացրել, որ ծառայելով ինչ-որ բան եմ նվիրում: Պարտավորեցրիր: Ես ամենաթանկ նվերն եմ նվիրում (Բարձրաձայն կրկնեց ու ծիծաղեց):
 Լավ բարի գիշեր, վաղն առավոտյան դիրքեր ենք բարձրանում` խաղաղություն նվիրելու: Հանգիստ եղիր, ու մի վայրկայն անգամ չմտածես, ընտիր տղերք ունեմ:
Զգույշ եղեք, խաղաղ  ու անփորձանք ծառայություն….
—Չանհանգստանաս, Հասմիկ ջան…..


Ու ամեն 14 օրը մեկ իմ ծանոթ ու բոլոր անծանոթ սպաները մեր զինվորների հետ մեզ ապրելու, սիրելու, լինելու հնարավորություն են տալիս…

Բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին կանգնած են մութ ու ցուրտ դիրքում, զգոնություն ու աչալրջություն …ձեզ սպասող կա… ձեր նվերին մանկական հավատով սպասող կա J

Հ. Գ Այս սպայի հետ խոսել եմ վաղուց, ուղղակի այս պահին զգացի, որ ուզում եմ հրապարակել մեր զրույցից մի հատված :)

Նկարները` www.razm.info-ի: 


среда, 23 октября 2013 г.

Պահանջներ ԵԱՀԿ-ից. Չարդարացված սպասելիքներ

Հոկտեմբերի 22-ին ժամը 13-14-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզում՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհ և վիրավորներ։

Ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս հայացքներս ուղղեցինք Եվրոպային և «պահանջեցինք դատաստան»:

Այն, որ միջազգային կառույցները լռում են, դեռևս քիչ թե շատ հասկանալի է: Երկկողմ քաղաքականություն: Նժարներից մեկում Հայաստանն է, մյուսում` Ադրբեջանը նավթով, որոշակի հնարավորություններով:

Լռում է նաև արտաքին քաղաքականության մեր գերատեսչությունը` այն դեպքում, երբ խոսքը ոչ թե զինված բախումներին է վերաբերում, այլ Ադրբեջանն ուղղակի խախտում է սեփական երկրիդ սահմանների անխախտելիությունը, տարածքային ամբողջականությունը:



Խոսում ենք ԵԱՀԿ-ից, նրա արձագանքներից: Բայց մի բան եկեք հասկանանք: Այո, Ադրբեջանը խախտում է Հելսինկյան եզրափակիչ ակտի տասը սկզբունքները, օրինակ`

1.      Ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում (2-սկզբունք)

2.      Սահմանների անխախտելիություն (3-րդ սկզբունք)
3.      Պետությունների տարածքային ամբողջականություն (4-րդ սկզբունք)
4.      Վեճերի խաղաղ կարգավորում(5-րդ սկզբունք)
5.      Պետությունների համագործակցում (9-րդ սկզբունք)
6.      Միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարում (10-րդ սկզբունք) 
«Ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքները»:

Անվանումից պարզ է, որ պետությունները պարտավորվում են ուժ և ուժի սպառնալիք չկիրառել այլ պետությունների դեմ` ամեն իրավիճակում: Այսինքն` առաջացած վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով:

Իսկ ինչ է իրականում կատարվում: 

Նշված սկզբունքները կոպտորեն խախտվում են Ադրբեջանի կողմից: Ու այս ամենը ԵԱՀԿ և միջազգային հանրության քար լռության ներքո: Արդեն չես էլ զարմանում  միջազգային հանրության կողմից նման անթույլատրելի վերաբերմունքից:

Ադրբեջանը շարունակում է իրեն լկտիաբար պահել` սեփական երկրում ինչ-որ բան ճնշելու, ուշադրություն շեղելու ամենահարմար տարբերակն ընտրելով. Լարվածություն հայ-ադրբեջանական սահմանին:  

Բայց չէ-որ, սկզբունքում հստակ նշվում է, որ ոչ միայն ուժի կիրառման արգելք, այլ նաև ուժի կիրառման սպառնալիքի արգելք:


1.      Սահմանների անխախտելիություն (3-րդ սկզբունք)
                               2.     
Պետությունների տարածքային ամբողջականություն (4-րդ սկզբունք)
Ադրբեջանը բազմիցս խախտել է այս սկզբունքներն ու շարունակում է խախտել:  Կրակելով Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքար հատվածի զինվորական մեքենաների վրա` Ադրբեջանը ևս 2 սկզբունք է ոտքի տակ գցում:


Եվ ի վերջո, ում են պետք սպիտակ թղթի վրա գրված այս կետերը, եթե հակառակորդն ուղղակի թքած ունի դրանց վրա: 

Բայց մի բան անհասկանալի է, ինչու են քնած եվրոպական գործիչները, երբ իրենք ստեղծված են հարցեր լուծելու կամ գոնե լուծման եզրեր գտնելու համար:

Վերջերս տարածաշրջանում էր  Մինսկի խմբի նորանշանակ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նամակ Օբամայից` երկու պետությունների ղեկավարներին: Ի՞նչ փոխվեց, ոչինչ: Օր օրի ավելացող ագրեսսիա: Համանախագահին «պատիվ են տալիս» հարևան երկրում ու կարծես թե «լռության սիմֆոնիա»:

Ադրբեջանը կրակ է բացում ՊԲ-ում մշտադիտարկման գնացած ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ժամանակ: Իսկ ինչ են անում վերջիններս` փախչում` փորձելով փրկել սեփական կյանքը: Ու հետո վախենում որևէ խիստ հայտարարություն անել ու փորձել զսպել Ադրբեջանին:

ԵԱՀԿ-ի նպատակներից է կանխատեսելի դարձնել մասնակից բոլոր պետությունների քայլերը: Արդյոք կանխատեսելի է Ադրբեջանի պահվածքը: Արդյոք կանխատեսելի են հայ զինծառայողների մահերը: Իհարկե` ոչ:

Ու ամեն անգամ  հիասթափություն, երբ միջազգային կառույցը աչք է փակում նման դեպքերի վրա:  Պահանջներ, պահանջներ ու չարդարացված սպասելիքներ….


четверг, 10 октября 2013 г.

Թերացումներ «Արձագանք-2013» զորավարժության ժամանակ. անձնական կարծիք

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում «Արձագանք-2013» զորավարժությունն էր, որի նպատակն առաջին հերթին երկրի ղեկավարությանը մարտական վիճակի բերելն էր: Ոչինչ աննպատակ չէր` սկսած համազգեստից, վերջացրած մարտական գործողություններով:



 Այդ զորավարժությունն իմ կյանքում առաջինն էր, առաջին անգամ էի տեսնում կրակող Սու-25-եր ու Մի-24-եր, առաջին անգամ էի զգում, թե ինչ կարող է լինել, երբ սահմանին վերսկսվեն լայնամասշտաբ գործողությունները:

Մի-24

Սու-25

Հիմա նշեմ զորավարժության ժամանակ աչքիս երևացած դրական կողմերի մասին:


  • Զորավարժությանը մասնակցող զինծառայոնղերը կես ամսից ավելի այդ փոշոտ, քարոտ, սառը պայմաններում յուրացրել էին գրեթե ամեն ինչ: Ու երբ պարգևատրման ժամանակ բոլորի դեմքերին նայեցի համ հուզվեցի, համ էլ հպարտացա: 18-19 տարեկան տղաներն այնպես էին տիրապետում ռազմական տեխնիկային, որ չեք պատկերացնի:
  • Հաճելիորեն զարմացա ու ինչ-որ տեղ նաև հանգստացա, երբ զինվորական ղեկավարությունը մաքսիում խստապահանջ ու լուրջ էր վերաբերում զորավարժության ակտիվ փուլի ընթացիքն: Ինձ համար կարևոր էր, որ գործողությունների ընթացքը ղեկավարողները գնահատում են «մարտի» դաշտում գտնվող յուրաքանչյուր զինվորի, ծափահարում, երբ նրանք իրենց առաջադրանքը գերազանց էին կատարում:





Իսկ հիմա թերությունների մասին:
  • Երբ հատուկ նշանակության տղաները ձեռնամարտի, բնության մեջ կենդանի մնալու վարժություններ էին ցուցադրում, մեր կառավարության անդամները  նույնիսկ մի րոպե չկանգնեցին ու չնայեցին, թե ինչպես էին տղաներն աշխատում: Ու ինձ համար ամենավատն այն էր, որ կառավարությունն այդ պահին ուղղակի օգտվում էր ֆուրշետի սեղանից, այնինչ մի մետր այս կողմ զինվորները շունչները պահած փորձում էին պատվով ներկայացնել իրենց ստորաբաժանումը: Կարելի էր չէ գոնե ձևական 5 րոպե կանգնել, նայել ու նոր գնալ ուտելու: Դրա համար ոչ ոք ոչինչ չէր կարողանա ասել: Բոլորս էլ մարդիկ ենք:


  • Թերություն էր, որ կառավարության անդամներից ոմանք առաջին անգամ էին կրակում: Պատերազմի մեջ գտնվող երկրում բոլորս պետք է իմանանք գոնե կրակել:
  • Շատ մարդիկ այդտեղ էին եկել -ի համար: Դա ցույց էին տալիս թե իրենց դեմքի արտահայտությունները, թե «անհավես» լինելը, և թե կեսից մի ձև գնալը:

Կրկնում եմ`աննպատակ ոչինչ չկար: Ու երբ վաղը կամ մյուս օրը զորավարժության մակարդակից այս ամեն ինչը դարձավ իրական, հաստատ ամեն ինչ իր տեղը կդնի:




Ապրեն այն բոլոր զինծառայողները, ովքեր մեկ անգամ ևս հավաստիացրին, որ մենք ուժեղ բանակ ունենք, որ հարկ եղած դեպքում մենք կարող ենք արագ արձագանքել բոլոր տեսակի մարտահրավերներին:




Իսկ նրանք ընդամենը 18 տարեկան են.. J

Օրվա զարգացումների մասին կարող եք կարդալ`